Վերադառնալ ընթերցարան

233 · 12.03.2017

Нахընտրական

234 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ինչո՞ւ էր սևաչքը նստել Մթան պես սև պատուհանիս։ Փորձում էր անդադար ստել, Համոզել, թե հետը չի տանի Արմատս, ակունքս, հույսս, Պարծանքս, մանկության պերճանքս։ Ինչո՞ւ էր կլանում լույսս, Սևացնում մոխրագույն կյանքս։

Կար․․․ ու հիմա չկա, Ու հիմա հուշ է, մի երազ, Ու լույսը նվազ ու տկար Էլ երբեք չի վառվի վրաս, Չի ասվի՝ դե գնա, վեր կաց, Ո՞վ է քեզ սեպի պես խրել Կապարե հողերում վրաց․ Գրիչն առ ու փորձիր սիրել։

Ես հիմա հողերում վրաց Տուն ունեմ, մի փոքրիկ տնակ, Ու անհագ ձգտում կա ցանած Այդ տան մեջ անմարդաբնակ։ Իմ բաժին հողի մեջ վրաց, Կապարից ծանր ու անշունչ Որբացած ցավ ունեմ ու լաց, Քարի մեջ բանտարկված մռունչ։

հորս 12․03․2017

Հարգելի, սիրելի ժողովուրդ, Ընտրական այս թոհուբոհում, Ուզում եմ ձեզ տալ մի խորհուրդ, Որ շատ է ինձ մտախոհում։

Ի՞նչ արժի այս տարի ձայնը, Տա՞ս դոլար, հարյո՞ւր, թե՞ հիսուն․․․ Ասածս, Ժողովուրդ, այն է․ Մարդիկ ենք բոլորս հասուն,

Հայրենի հողի մեջ ծնված, Մեծացած հայրենի հողում, Աշխարհի չորս կողմը ցրված, Մեր երկրի վրա դեռ դողում,

Ցավում ենք մեր երկրի համար, Սգում ենք փորձանք ու կորուստ, Խելոքից մինչ վերջին հիմար, Աղքատից՝ ամենահարուստ։

Ի՞նչ եղավ, ասեք ինձ, հապա, Ո՞ր կողմից քշեց այդ քամին, Որ թողած դրամը հպարտ Տրվեցինք դոլարի ցավին։

Դրամին մեր ի՞նչ է եղել, Ի՞նչը չի գոհացնում նրանում, Օտարի փողերը հեղե՞ղ, Մերն ինչ է երա՞շտ է անում։

Հայրենի հողի մեջ մենք զուտ Դրամով ու միայն դրամ, Աստծուց կրակ չեմ ուզում, Կհասնենք մենք մի օր դրան։

Դոլարը ո՞ւմ շունն է, ասեք, Եթե կա հայկական փողը, Պատկերված պանծալի ու սեգ Հայրենի արևն ու հողը։

Հայկական հանճարներն ամեն՝ Թումանյան, Սարյան ու Չարենց։ Ֆրանկլինը թող իրենց պահեն, Ու չասեն, թե հայը ծախվեց։

Սիրելի, հարգելի ժողովուրդ, Ես ծառա, դուք ինձ թագավոր, Հայ եք դուք, եզդի եք, թե քուրդ, Ընտրվեմ թե պատգամավոր,

Մի բանում միշտ եղեք վստահ, Կպահենք հայրենյաց փառքը, Դրամը չլինի, հստակ Ռուբլիով կլինի կաշառքը։

Բրոդսկի Нахընտրական

12.03.2017