Վերադառնալ ընթերցարան

289 · 11.12.2017

Հերոսս

290 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Անուն, ազգանուն, հայրանուն։ Քաղաք, փողոց, տուն։ Ծննդականդ տուր։ Առ պասպորտդ։ - Բարի թռիչք, բալես, Ուր էլ կյանքում լինես, Ծնողդ միշտ լինի կողքիդ, լինի մոտդ։ - Ո՞ւր եք գնում - Բեռլին - Նպատա՞կը - Գերի - Ճամբարներում էլ տեղ չկա: Դեպորտ։ - Շնչի, արտաշնչի, Շնչի, արտաշնչի․․․ Պիտանի ես ծառայության։ Հաջորդը։

Վերկաց։ Դիրքեր։ Քայլերթ, երգեր՝ Անդրանիկը քաջ է, Գևորգը Չաուշ է։

Սահմանը՝ անառիկ է, Թշամին՝ անառակ է, Հայրենիքի ջուրը, հողը շատ անուշ են։

Գը՛մփ, բախ, բաբա՛խ, Տըրա՛ք, տըրա՛ք, դա՜խ․․․ Դը՛շ, դըդըշ, դըշ. - է՜․․․ - Շնչի, արտաշնչի, Շնչի՛, Արտաշ, շնչի՛։ Փակեք աչքերն, ուշ է․․․ - Վա՜յ, վու՜յ, ամա՜ն, ամա՜ն, Հետ արի, թող էդ ճամփան, Մի գնա էդ ճամփով, էդ ճամփան փու՜շ է։ - Եկեք, եկեք անցեք, - Էս մարդուն մի բան լցրեք. Օղի՞ եք խմում, Տեր հա՛յր, թե՞ գինի։ - էհ, չի փրկի մեզ լացը, Հերոսների կենացը, Շիրիմներին հանգստություն թող լինի։

Դառնամ, զօղորմի տի տամ․․․ Դյուցազուն էր, տիտան, Շատ հերոս էր մեր Վարոսը, հազար ափսոս․․․ - Հազար հորը տվեք, Հազար մորը տվեք, Հազարի էլ տվեք խառը պաթոս։ - Անուն, ազգանուն, հայրանուն, Քաղաք, փողոց, տուն, Անձնագիրը տուր: Եռաբլուր․․․

Խակամադե Հերոսս

11.12.2017