Երեկ գիշեր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ վարչապետին տրամադրված առանձնատանը կայացել է ներկա և նախկին վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի այդքան չսպասված բանակցությունների երկրորդ փուլը։ Մեր թղթակիցը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանի այցին, նախկին վարչապետը մտել է զուգարան և ներսից փակելով դուռը, տևական ժամանակ փակված է մնացել այնտեղ, ամեն կերպ հրաժարվելով լքել տարածքը։
Փաշինյանի բազմակի հորդորները, դուռը բացելու և սանհանգույցից օգտվելու համատեղության կանոնները չխախտելու, վարչապետի բնականոն կյանքը չխաթարելու վերաբերյալ, արդյունք չեն տվել։ Անարդյունք են մնացել նաև ակամա բանակցությունների մաս դարձած Առաջին տիկնոջ անեծք-հորդորները։ Նրա «թաղեմ տերդ, բացի դուռը», «գետինը մտնես, դուրս արի» կոչերին նախկին վարչապետը հակադարձել է, մասնավորապես ասելով «Դուրս գամ, որ ի՞նչ անեմ»։
Փակուղի մտած բանակցություններին նոր շունչ է հաղորդել համակեցության կարգով առանձնատանը բնակվող մեկ այլ անձի՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի միջնորդությունը։ Գագիկ Հարությունյանը պնդել է, որ Սերժ Սարգսյանի քայլը հակասում է Սահմանադրական վերջին փոփոխություններով ամրագրված «ՀՀ վարչապետի ուտելու և արտաթորելու իրավունքի մասին» սահմանադրական դրույթին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ (մեջբերում). «Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարության կողմից ՀՀ վարչապետին հատկացված առանձնատան սահմաններում գտնվող միակ սանհանգույցից ունի արտահերթ օգտվելու իրավունք, և սահմանադրության 404 հոդվածով ամրագրված է նրա անձեռնմխելիությունը այդ տարածքում»։ Ինչին սակայն Սերժ Սարգսյանը հակադարձել է՝ ասելով, որ ինքը խոսել է Հրայր Թովմասյանի հետ և որ Հրայրի խորհրդով ինքը մտել է զուգարան նախքան իր հրաժարականի մասին տեքստի հրապարակումը, այն է՝ մտել է որպես վարչապետ, և ըստ սահմանադրության, քանի դեռ նա այդ տարածքում է, ապա վարչապետի իր լիազորությունները չեն դադարում գործել և ինքը գտնվում է տվյալ տարածքում օրենքի ուժով՝ օգտվում է օրենքով իրեն տրված անձեռնմխելիության իրավունքից։ Գագիկ Հարությունյանը մի անգամ էլ է խնդրել Սերժ Սարգսյանին, չտրվել Հրայր Թովմասյանի սադրանքներին, լավ մտածել, և երկիրը չտանել Սահմանադրական ճգնաժամի: Սակայն, ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, Սերժ Սարգսյանը մնացել է անդրդվելի։
ՄԱԿ-ի խաղաղապահ դիտորդական առաքելության ներկայացուցիչների, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հորդորները, այն է խնդիրը լուծել բացառապես սահմանադրական ճանապարհով և բացառել բռնության կիրառումը ցանկացած կողմից, անարձագանք չեն մնացել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր պայքարը շարունակում է մնալ «բաց ձեռքերի թավշյա հեղափոխության ոգուն ու տառին համապատասխան» և որ ինքը որպես ՀՀ վարչապետ պատասխանատվություն է կրում զուգարանի ազատագրման ամբողջ գործընթացի համար, և որ ցանկացած բռնություն կիրառող կորակվի որպես սադրիչ, ով կապ չունի թավշյա հեղափոխության հետ։
Դիտորդները ողջունել են Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը և ևս մեկ անգամ ողջախոհության կոչ անելով, հորդորել չանջատել ուղիղ եթերը։
Ապա Փաշինյանի խնդրանքով տարածքն ազատել են, որպեսզի չխոչընդոտեն ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ դեպքի վայր ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ նախարարների կամավորական ջոկատների խաղաղ անհնազանդության ակցիաներին։
Արարատ Միրզոյանի նախարարական ջոկատի աջակցությամբ խաղաղ անհնազանդության ակցիան սկսելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հարկ է համարել վերջին անգամ զգուշացնել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, որ նրա քայլերը վնասում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, մեր երկրի հեղինակությանը ամբողջ աշխարհում և խաթարում են տուրիզմի զարգացումը։ Խնդրել է նրան լավ մտածել և կատարել ճիշտ քայլը, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից և չի հանգեցնի Սահմանադրական ճգնաժամի։ Ասել է նաև, որ իր պայքարը կրում է բացառապես խաղաղ բնույթ, և որ որևէ մեկին, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին, թույլ չի տա, որ այս խաղաղ, թավշյա, առանց բռնության, սիրո և համերաշխության հեղափոխությունը ի վերջո ավարտվի բախումներով կառավարական առանձնատանը։
Ապա դիմելով ներկաներին ասել է. - Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, մարտի 30-ին մենք կատարեցինք մեր քայլը Գյումրիից և կատարելով շուրջ երկու հարյուր հազար չորս հարյուր տասնվեց քայլ ձեր հետ միասին արձանագրելով բազում հաջողություններ մերժեցինք Սերժին և ազատագրեցինք մեր Հայաստանը։ Այսօր այդ ազատագրման ճանապարհին մենք կատարում ենք մեր վերջին քայլը, և այդ քայլը կատարողը դու՛ ես, և այդ քայլը կատարողը դու՛ ես, և այդ քայլը կատարողը դու՛ ես, և այդ քայլը կատարողը դու՛ ես, և այդ քայլը կատարողը դու՛ ես, և այդ քայլը կատարողը դու՛ ես, - և այդպես 15 րոպե տևած ելույթից հետո, ուղիղ կոչով դիմել է Սերժ Սարգսյանին։ - Ես այսօր այստեղից դիմում եմ Սերժ Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, դուք չեք տիրապետում իրավիճակին և ասում եմ, որ մեր բանակցությունները կարող են լինել միայն մեկ հարցի շուրջ, այն է՝ դուք պիտի անհապաղ և առանց նախապայմանների ազատագրեք վարչապետի նստավայրի զուգարանը։ Մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը և խոստանում ենք, որ վենդետա չի լինելու։ Խոստանում ենք, որ մինչև ձեր բնակարանի հարցի լուծումը իրավունք կունենաք օգտվել այս սանհանգույցից և որ այս տանը տիրելու է միայն սիրո և համերաշխության մթնոլորտ։ Եվս մեկ անգամ հորդորում եմ կատարել ճիշտ քայլը՝ առանց նախապայմանների բացել զուգարանի դուռը։ Այլապես մենք կկիրառենք նոր, ավելի մասսայական, տոտալ «թաց ձեռքերի» և «բուրավետ նասկիների» ակցիան, ինչը չի արգելվում Հայաստանի տարածքում, քանի որ դուք ժամանակին չեք ստորագրել մասսայական ոչնչացման զենքի չկիրառման մասին միջազգային կոնվենցիան։
Մեր թղթակիցը հաղորդում է, որ այս խոսքերից հետո հորդացած բուռն ծափողջյունները թույլ չեն տվել լսել դռան փականի ճրթոցը, բայց բոլորը տեսել են, թե ինչպես Սերժ Սարգսյանը ձեռքերը վեր պարզած միացել է Նիկոլ Փաշինյանի «թաց ձեռքերի» հեղափոխությանը, ասելով. - Նիկոլը էս անգամ էլ էր ճիշտ, ես էլի սխալվեցի։ Ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասել է. - Պարոն Սարգսյան Ս. գրեք․․․
Իսկ թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, ինչ պիտի գրեր պարոն Սարգսյանը և առհասարակ ինչպես են զարգացել իրադարձությունները դրանից հետո մեր թղթակից Կառլեն Ասլանյանը կանդրադառնա վաղը։
Ազատություն Ռադիոկայան Հրայր Թամրազյան Կիրակնօրյա ամփոփ լուրեր հատուկ Ֆեյսբուքահայերի համար
13.05.2018