Թագավորը մերկ է, կասեն ոմանք, Եվ կդառնան մերժված, ընչազուրկ ու տկար։ Չէ ո՞ր դրել կեղծամ, թագ է կրում կամար՝ Թագավորը մերկ չէ, կասեն ոմանք։
Թագավորը մերն է, կասեն ոմանք, Կեղծ է, զեղծ է, եղծ է. մերն է արքան, Ու պիտի որ սիրենք, փառաբանենք այնքան, Որքան պետք է, որ նա տա նոր որակ։
Թագավորի ձեռքը, կասեն ոմանք, Թագավորի աջը պետք է պաշտել, պաչել, Պետք է վախով լցվել, խիստ ամաչել, Ու մատուցել նրան սույնով հարգանք։
Թագավորը մեղք է, կասեն ոմանք, Նրանից զատ չունենք այլ առաջնորդ, Պիտ հետևենք նրան մինչև փուլը հաջորդ Առաջ գնալու տեղ, թեկուզ և հետ գնանք։
Նա մեր գլխի տերն է՝ կասեն ոմանք, Նա է մեզ պարգևել ազատություն։ Թագավորը բեռ է, շռայլություն, Թագավորի մերը՝ կասեն ոմանք։
Թագավորը մերկ է, կասեն ոմանք, Բայց կբացեն այլոք գիրքն անցյալի, Կապացուցեն կապը ածանցյալի, Թագավորը մենք ենք, կասեն, որ կանք։
Ու կսկսվի որսը վհուկների Հիմա, հիմա, պիտի գոչեն ոմանք, Ու ամբոխը ինչպես մի մեծ ոհմակ, Պիտի խժռի արքա-ստրուկներին։
20․06․2016
Արշալույսը չբացվեց, այսօր քեզ համար, Նենգ ոսոխը քեզ փակեց մթին զնդանում, Արշալույսցի մեր քաջ, խրոխտ գեներալ, Հոգսդ կիսում ենք այսօր, ցավդ ենք տանում։
Հեյ, քաջ հերոս, քաջ Մանվել, Ազգդ քո առաջ հալվել, Մինրև վերջին շապիկ հանվել, Քեզ է օգնել, քաջ Մանվել։
Քո սխրանքը հզոր է, սերն անմնացորդ, Պաշտպանն ես դու ողջ ազգիս, ու երկրիս Հայոց, Պատմության մութ էջերում բոլորը անցորդ Դու քո ուրույն տեղը ունս, նման չես այլոց։
Հեյ, քաջ հերոս, քաջ Մանվել, Ազգդ քո առաջ հալվել, Մինրև վերջին շապիկ հանվել, Քեզ է օրհնել, քաջ Մանվել։
Անդրանիկը պանթեոնում քեզ է ըսպասում, Առյուծների, արջերի հզոր տիրակալ, Քոնն է փառքը ԵԿՄ Մուշում ու Կարսում, Դու մեր հզոր, պատվարժան, հպարտ գեներալ։
Հեյ, քաջ հերոս, քաջ Մանվել, Ազգդ քո առաջ հալվել, Մինրև վերջին շապիկ հանվել, Քեզ է հոգնել, քաջ Մանվել։
Սուսան Պետրոսյան Ձոն Անձոնին
18.06.2018