Վերադառնալ ընթերցարան

352 · 22.06.2018

Ա. Վանեցյան

353 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ճիշտ է, հա՞, ասում են հիմա Գրող ես, պոետ ես դարձել, Լսել եմ, ասում են, հիմար Մտքերդ թղթին ես հանձնել, Մի հիմար խմբագիր առել, Փոխել է մի քանի բառեր, Ու քո այդ «բողոքի ճիչ» Տպել է առաջին էջում։ Մի քանի հիմար կարդացել, (Քո նման մի քանի «հանճար») Գրածիդ խիստ հավատացել, Հավանել գրածդ անչափ, Ու նրանց կարծիքը արձակ Տպել է մի ուրիշ հանդես, Թե, իբր, դու շատ համարձակ Գրող ու շատ բարդ մարդ ես… ․․․Ճիշտ է հա՞, ասում են՝ բարդ ես, Հանճար ես, անունով պոետ։ Դու հիմա ճանաչված մարդ ես, Ու այժմ նստում են քո հետ, Մտածում, ցավում քո համար Քո նման մի քանի հիմար։ Ու քո պես ճանաչված անձիք, Քո նման անշնորք, անձիրք, Որ միայն փառքի են տենչում Ու բաժին մեր օդը շնչում, Փչացնում մեր բաժին կերը… …Իմանամ, ո՞րն է ձեր դերը, Ձեր տված օգուտը ո՞րը… ․․․Ուրիշներն աշխատում, տանջվում, Դուք՝ լցնում ձեր դատարկ փորը, Մի բան էլ՝ տրտնջում, կանչում, Բողոքում, գոռում որպես լիրբ, Թե. «լավ չեն ձեզ նայում մարդիք», Ու տանջում, թալանում են ձեզ։ Մի, ա՛սա, տո՛ աստված սիրես, Ախր, դուք ի՞նչ ունեք, մի բան, Որ ձեզնից ինչ էլ գողանան։ Գրածդ թվերին նայիր Ու հագիդ քրչին ու լաթին։ Բա, մի մարդ միլիոն խնայի, Ու կարգին շոր չլինի՞ հագին։ Ասում ես, միլիո՞ն եմ տարել, Միլիո՞ն եմ, ասում ես, կերել… Իմ պապը, ճիշտ է, պառավ էր, Բայց խոսքեր ուներ, առավել Իմաստուն, առավել դիպուկ, Քան ձեր այդ թերթերը տափուկ։ «Չի մարսել, - ասում էր, - կյանքում, Ոչ մեկը այլոց քրտինքը, Մինչնև որ, գոնե մեկ անգամ, Չի քրտնել հենց անձամբ ինքը»։ Դու գիտե՞ս՝ ինչքա՞ն եմ քրտնել, Ինչքա՞ն եմ տանջվել ու տքնել, Որ էդպես խոսում ես մեծ-մեծ, Իբր ես էս ազգի ցեցն եմ։ Իմացի՛ր, հաստատ եմ ասում, Այդ փողը ես պիտի մարսեմ… Ու նաև․․․ հույսը այս ազգի, Ոչ մեկը դեռ քեզ չի հանձնել, Ոչ գրած հոդվածդ կանցնի, Ոչ էլ քո բողոքն է անցել։ …Ինչո՞ւ է քեզ նմաններին Թվում, թե մենք պարտական ենք, Ազգովին մենք պիտի բանենք, Որ պահենք ձեզ՝ անբաններիդ։ Ուզո՞ւմ եք լավ ապրել, բարի, Աշխատեք բոլորի պես լուռ, Այլ ոչ թե, սովահար փորին, Գրիչներն առեք ու իզուր Հայհոյեք իմ նման մարդկանց։ Իմ նման մեծասիրտ ու բաց, Իմ նման բարեգործ անձանց։ Վախեցեք, որ մի օր Աստված Ձեր սուրը ձեր դեմ չշրջի, Թանաքի փոխարեն արյամբ Ձեր կեղտոտ բաճկոնը թրջի։ Ուզո՞ւմ եք։ Չեք ուզում։ Բարյավ։ Դու հիմա գնում ես, մի լավ Մտածում, խորհում ես նորից Ու գրում մի ուրիշ հոդված, Ու ասու՛մ, որ ես բոլորից Բարի եմ, առավել հարգված, Որ իմ պես բարերար մարդիկ Էլ չկան…թե կան էլ շատ քիչ։ Պետք չէ ինձ հասցնել երկինք՝ Գրիր պարզ, համառոտ, հակիրճ։ Մի խոսքով… Քո համար հեշտ է Դու, հաստատ, գիտես ինչ գրես։ Զուտ ինչ կա, ու միայն ճիշտը, Պետք չէ նոր բաներ հորինես։ … Դե, գնա ու բարին ընդ քեզ։ Հա, ի դեպ, անկեղծ եմ ասում, Լավ գրած նյութեր էլ ունես։ Մեկ-մեկ շատ լավ է ստացվում։ Օրինակ. «Պուտինի կինը Ինչպես է բարձրացրել գինը»։ Կամ թեկուզ. «Երգչուհի Շերը Որտեղ է բացել դոշերը»։ Ասում ես քոնը չէ նյութը… Դե ոչինչ, ի՞նչ տարբերություն։ Լավ, գնա։ Հարցեր որ լինի, Մի քաշվիր, ուղիղ ինձ դիմիր, Միայն թե դու ճիշտը գրիր, Ու անմեղ մարդկաց մի մրիր։

Վերջնագիր 2000

Մանվել - էս աշխարհում երկու բան կա, Մեկը մեկից համեղ է, Մեկ տուշոնկա, մեկ զգուշոնկա, Ախ, ոնց բռնեց շան տղեն։

Ախ, ԱԱԾ, ԱԱԾ, Դուրդ եկա՞վ արածդ, Բռնիք, չախիք, թակիք, փակիք, Մեզի արիք պահածո։

Շմայիս - Մոտս գտան ատրճանակ, Թալանածս պահել եմ, Լավ եմ պրծել, աչքիս, ջանա, Երեք տարի շահել եմ։

Ախ, ԱԱԾ, ԱԱԾ, Դուրդ եկա՞վ արածդ, Բռնիք, չախիք, թակիք, փակիք, Շատ խորն է ձեր պահածը։

Սեյրան - Մանվել չեմ ես ու Շմայիս, Քֆուր արիմ տանողին, Օդեսայի ռեստորանս Վաճառել եմ կամովին։

Ախ, ԱԱԾ, ԱԱԾ, Դուրդ եկա՞վ արածդ, Բռնիք, չախիք, թակիք, փակիք, Սաղին արիք պահածո։

Էջմիածնա տրիո

Գեղ ղեկավար՝ Ն. Փաշինյան Բեմադրող ռեժիսոր Ա. Վանեցյան

22.06.2018