Կովը, մի օր, ասաց ցլին. - Հայ՞ ես, վերջը, դու, թե՞ օտար, Տեղականին թողել ցելին, Ո՞ւր ես էդպես ձգտում խոպան։
Ի՞նչ կա, ասա, խոպանումը, Ի՞նչն է էնտեղ էդպես քաշում, Որ կորցրել աչքիդ քունը, Կարոտում ես, հալվում, մաշվում։
Խո՞տն է պարատ սևահողին, Թե՞ հյութեղ է էնտեղ սեզը, Թե՞ լավ է, երբ գաղտագողի Լրացնում ես տեղը եզան։
Գուցե ինձնից թմբլիկ են ու Ինձանից շատ կաթ են տալի․․․ Վա՜յ, ես հողեմ դրանց գլուխն, Ա՜յ, թող բաժին դառնան գելի։
Այո, սև եմ՝ շեկ չեմ, չալ չեմ, Պոզ էլ ունեմ, պոչ էլ, ահա, Կթում է ինձ, անձամբ Վաչեն, Ինքը՝ գյուղի նախագահը։
Ոչ գենետիկ փոփոխություն, Ոչ հորմոն եմ խմուն քաշի, Կճղակ ու պոզ առողջ, փայլուն, Դհոլի պես ձիգ է կաշիս։
Ի՞նչս, ասա, սրտովդ չի, Ամբողջ գյուղի աչքի լուսն եմ, Ինչո՞ւ է միշտ, որ խոպանչի Ցլիդ անկուշտ աչքդ դուրսն է։
Ցուլը երկար նայեց կովին. Մի գեղ է՝ մի Վաչեի կով, Արցունքն, ինչպես ջուրը ծովի, Հոսեց նրա աչքերից մով։
Պոզով կովի բաշը քորեց, Լեզուն տարավ դունչ պաչեց, Ու դարդոտած իր սև օրից Խոր շունչ քաշեց ու հառաչեց. - Ա՜խ, իմ հրաշք, ա՜խ, իմ կրակ, Իմ արև, իմ լիալուսին, Էստեղ՝ գյուղի կովն ես միակ, Էնտեղ ֆերման է իմ հույսին։
Գալուստ Իսահակյան Ցեղական Ցլիկը
20.10.2018