Ճամփան տանում է ինձ, ահա, Դեպի երազն իմ մանկության, Որ ես ամուր, ամուր պահած, Որպես օղակ մի փրկության,
Որպես ապրելու նպատակ, Լուռ փայփայում եմ, գուրգուրում. Իմ երազները անհատակ՝ Իմ Լուսաստղն ու իմ գուրուն։
Մտքի թռիչքի մեծությամբ, Տիեզերքի պես ընդգրկուն, Ճամփան ամբողջ իր էությամբ, Ինձ բարուրում էր իր գրկում։
Ինձ խնամում էր ու հոգում, Ինձ մատուցում էր ընծաներ, Իղձեր դնում իմ մեղմ հոգում, Նոր նպատակներ ցնծաբեր։
Ճամփան սիրում էր ինձ շոյել, Գերել խոսքերով փաղաքուշ, Եվ նախատել, եվ հայհոյել, Լինել և լույս, և մութ, և մուժ։
Ու լուռ տրվում ես խաբուսիկ Խարդավանքներին առինքնող, Ճամփան շեղում էր ինձ սուսիկ Հոգսերն անում էր որպես քող։
Ես տատանվում ու մտորում, Ես կռահել էի դեռ վաղուց. Ճամփան երազն իմ տրորում, Ճամփան շեղում էր ինձ ուղուց։
Ու միայն նոր եմ հասկանում, Որ երազներին մանկության, Որ երազներին հասնելու Մի ճանապարհ կա փրկության,
Մի տարբերակ կա ի վերուստ, Եվ դա թռիչքն է էության, Մտքի ճախրանքն է ամպերում, Ու ոգու ձայնը լռության։
Հիմա ճախրում եմ ես, ահա, Դեպ երազներն իմ մանկության, Վարում խամրում են և ճամփան, Եվ անցորդներն անէության։
14.10.2019