Վերադառնալ ընթերցարան

457 · 10.11.2019

«9-րդ բաժակ» 9:00 լուրերի թողարկում

458 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ժամանակը ցույց տվեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չդիմացավ անհամաչափ ճնշմանը։

Այսօր նա հայտարարեց, որ բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայ ժողովրդի պատմություն առարկաները կլինեն առաջվանից ավելի պարտադիր, և նախկին երկու տարվա փոխարեն, կլինի ամբողջ բուհական կրթության ընթացքում։

Նախարարը նշեց նաև, որ որոշում է կայացվել եղածով չբավարարվել։ Նրա խոսքերով՝ մյուս ուստարվա սկզբից պարտադիր ուսուցման կարգով բոլոր ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու երկու նոր առարկաներ՝ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրություն և գեոդեզիա առարկան և Հայարիացիական ծագումնաբանություն և պատմություն։

- Ավելին, - հավելեց նախարարը, - կառավարությունը որոշում է կայացրել դպրոցներում վերականգնել Հայ եկեղեցու պատմություն առարկան, նախկին՝ շաբաթական մեկ դասաժամի փոխարեն այսուհետ կլինի երեք դասաժամ։ Բացի դրանից, պիտի ուրախացնենք բոլորին, որ հաջորդ ուսումնական տարվանից բոլոր դպրոցներում անցնելու են նաև Հայկական ազգային ծեսեր և ծիսակարգեր առարկան, որը նույնպես կլինի շաբաթական երեք դաս։

- Ավելին, - ասաց նախարարը, - Ազգային պարերը նոր շնչով մուտք կգործեն մեր կրթական համակարգ, և բացի դպրոցներից կուսուցանվեն նաև բուհերում, պարտադիր կարգով։ Ավագ դպրոցից սկսած ևս մեկ նոր առարկա կլինի դպրոցներում և այնուհետև նաև բուհերում՝ Ազգային երգ և ազգային երաժշտություն։

- Բացի դրանից, - ավելացրեց նախարարը, - նախատեսում ենք, որ բոլոր դպրոցներում և բուհերում պարտադիր կերպով բոլոր դասերը սկսվելու են Տերունական աղոթքով, դպրոցից իսպառ վերացվելու են այլասերված և հակաքրիստոնեական բոլոր առարկաները, բոլոր տեսությունները, ինչպիսին է, օրինակ, Դարվինի էվոլյուցիոն տեսությունը։ Բժշկական համալսարանում բացելու ենք երկու նոր ֆակուլտետ՝ Նարեկաբուժություն և Աղոթքաբուժություն։ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ավելացնելու ենք նոր առարկա՝ Քարոզաբանություն։

Վերջում նախարարը հույս հայտնեց, որ այս և նմանատիպ այլ քայլերը, որոնք միտված են լինելու բացառապես ազգապահպանությանը, կհամոզեն հանրությանը, որ հայ ազգը չի տրվել և չի տրվելու սատանայական տարատեսակ ազգակործան և պիղծ հերետիկոսական վարքագծի։

- Մենք սուրբ ազգ ենք, մենք մեծատառով արիացիներ ենք, մենք առաջին քրիստոնեա ազգն ենք և մենք պիտի մեզ պահենք այնպիսին, ինչպիսին մեզ պատգամել են լինել Մեսրոպ Մաշտոցը և Ղազար Փարպեցին։ Հայ գիրն անմահ է, հայ ոգին անկոտրում, հայոց լեզուն մեր լեզուն է, Հայոց պատմությունը մեր պատմությունը, և ով առաքելական չի, նա հայ կոչվելու իրավունք չունի, - վերջում ասաց Արայիկ Հարությունյանը։

Ըստ մեր աղբյուրների՝ այս հայտարարությունից հետո դաշնակցականները, խուճապի մեջ են հայտնվել։ Նրանք պատրաստվում են շարունակել պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այս անգամ՝ ասելով, որ նա իրավունք չունի նախարար լինել՝ քանի որ ազգապահպանությունը իրենց մենաշնորհն է և որ նախարարը ոտնձգություն է կատարել իրենց սրբության սփռոցի վրա։

Պերեդոզնյուզ.ամ «9-րդ բաժակ» 9:00 լուրերի թողարկում

10.11.2019