Վերադառնալ ընթերցարան

64 · 17.05.2015

Հավնամե

65 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Աշխարհի բանը էնպես է դրված, Որ ոչ կենդանին, ոչ մարդը՝ ինքը, Չի կարող կարդալ ճակատին գրված Իր վաղվա օրը, գլխի գալիքը։

Տարիներ առաջ մեր կողքի գյուղում Տեղի ունեցավ այսպիսի մի դեպք․․․ Ջաղացպան Օնոն ցորեն էր աղում՝ Օրվա հոգսերի ու մտքերի հետ,

Մեկ էլ ջաղացի մոտի մի բակից Նիհար ու սոված, ցամաքած մի հավ, Բաց պատուհանից, թե դռան տակից, Ոնց եղավ թաքուն ջրաղաց մտավ։

Մինչև խեղճ Օնոն հալումաշ, հոգնած, Կփորձեր սրան ջաղացից հանել, Էս անիրավը գլուխը տնկած, Ջաղացի քարից փորձեց կուտ անել։

Գլուխը խոթեց՝ ու էդ էր ու էդ, Մեկի չար աչքն էր, կամ էլ թե անեծք, Ջաղացքարն առավ ու ցորնի հետ Հավի գլուխը աղաց՝ թեփ արեց։

— Այ, անտեր մնաս, սատկես դու, սատկես, Հիմա ես ինչպե՞ս իմանամ ճիշտը, Ու՞մից իմանամ՝ ո՞ր մեկի հավն ես՝ Գտնեմ տիրոջդ, փարատեմ վիշտը։

Ու ափսոսալով հավն առավ ձեռքը, Դուրս գա, որ գտնի տիրոջը հավի, Բայց չէր հասցրել դեռ անցնել շեմքը, Հարևան գյուղից բսնեց խնամին։

— Վայ, Օնիկ եղբար, լույս քեզ տեսնողին, Էս, հա՞վ ես մորթել խնամուդ պատվին, Ես էլ, ահա տե՛ս, բերել եմ օղին, Դատարկ եկող չէ, գիտես, խնամիդ։

Դե, տուր, Օնիկ ջան, տուր ինձ ես փետրեմ, Դու գնա ցախի հարցերը լուծի, Չասես՝ խնամիս անբանի մեկն է, Եկավ, գործ չարեց ու նստեց հացի։

Օնոն քարացել, կանգնել էր շիվար, Մտքում անիծում, աստված էր կանչում, Թե ինչու էնքան բախտ չուներ, հիմա Հավի փոխարեն նա լիներ անշունչ։

Խնամուն ասեր՝ հավն իրենը չէ, Կարող է կարծեր՝ ժլատ է Օնոն, Թե հյուրասիրեր, ամբողջ գյուղով մեկ Կհաներ գողի, խարդախի անուն։

Մի կողմում հյուրի՝ խնամու հարցն էր, Մյուս կողմում էլ իրենց ողջ գեղը, Երկուսն էլ ծեղը գերան կդարձնեն, Օնոն կդառնար մի մատը մեղր։

Բայց մինչև ծանր ու թեթև էր անում, Չիմացավ, թե որ սատանան դրդեց, Հավը սուսուփուս մեկնեց խնամուն, Կացինը առավ ու ցախի մեկնեց։

Նոր էր հեռացել մոտակա անտառ, Հավի որոնման գործերին լծված, Իրար հրելով ու գլխապատառ Մի քանի կնիկ մտան ջրաղաց։

— Աղջի, այ Վարդուշ, նայի մի էստեղ, Էս քո հավը չի՞, ածանը քո չալ, — Տես է, մորթել է, ուզում է փետրել Գող ու ավազակ էս շունը քաչալ։

Վարդուշն այլայլվեց, — Այ, սաղ-սաղ թաղվես, Մոտս մի հավ է կորչում օրեկան՝ Իսկ ես կարծում եմ կուզ է կամ աղվես, Փաստորեն դո՞ւ ես էդ գող սրիկան։

Ամոթ քեզ, ամոթ, սատկես դու, փթես, Բերանդ լցվի աստծու ալավը, Անունս Վարդուշ չլինի, թե ես Քո պիղծ քթերեից չբերեմ հավը։

Խնամին մոլոր, բանից անտեղյակ, Բառ չէր հասցրել ասել իր օգտին, Վարդուշի ձեռքին եռատամ եղան՝ Նետի պես սուրաց ու դիպավ սրտին։

Էս գործով եղավ դատ ու դատաստան, Ջաղացպան Օնոն դատվեց որպես գող, Վարդուշը դատվեց որպես մարդասպան, Մյուս կանայք էլ՝ հանցանքի դրդող։

Աշխարհի բանը էդպես է դրված, Ու ոչ կենդանին, ոչ մարդը՝ ինքը Չի կարող կարդալ ճակատին գրված Իր վաղվա օրը, գլխի գալիքը։

Ֆիկուսի Հավնամե

17.05.2015