Վերադառնալ ընթերցարան

70 · 26.05.2015

Տաղ "կոնցլագերի"

71 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ես էլ և՛ Վահագն, և՛ Ապոլոն եմ, Աստված եմ՝ բազմած ամպերի ծոցում, Ես էլ ձեզ նման մի Նապոլեոն եմ, Ինձ էլ տեղ տվեք ձեր գժանոցում։

Ձեզ նման մարզպետ, իշխան եմ, դուքս եմ, Արքա եմ, կայսր՝ իմ սև ամրոցում, Ձեզ նման անբիծ, անարատ կույս եմ, Ինձ էլ տեղ տվեք ձեր գժանոցում։

Ձեզ նման հովիվ ու ձեզ պես մոգ եմ, Ձեզ պես նորաբաց մոլեր եմ օծում, Ձեզ պես անհաղորդ, ձեզ պես անհոգ եմ, Ինձ էլ տեղ տվեք ձեր գժանոցում։

Ես էլ մի պանդուխտ ու տարագիր եմ, Ազգի ցավերը ինձ էլ են խոցում… Կարող եմ ես էլ հայրենասիրել, Թե ինձ էլ տեղ տաք ձեր գժանոցում։

Տաղ «կոնցլագերի»

26.05.2015