Ես ուզեցի հուզվել… և հուզվեցի․․․
Բերանբացի նման քարոզեցի ես սեր։ Անտեր՝ որպես փողոցային մի շուն, անտուն՝ որպես դերվիշ, ես միշտ հույսս դրած վերին աստվածներին, ապրեցի գեթ անհետք մի կյանք․- բերկրանք, ես ապրեցի, ու ապրածից բացի, ես և կսկիծ և վիշտ ընդմիշտ սիրել սովորեցի։ Ապրել ես փորձեցի ու փորձեցի սիրուս հավատարիմ լինել։
Ես փորձեցի հուզվել և հուզվեցի․ արարեցի ես այն՝ ինչ արարվեց անկեղծ, արարեցի անձայն, լռին, կրկին բառախաղի միջից, ջոկջկելով մտքեր։ Ես չթողի հետքեր. ես կիսվեցի, տարածվեցի, ու լուռ տրորելով բոլոր ճամփաները փոշոտ, փշոտ, ես անհաղորդ ճամփորդ՝ իմ հուզեղեն սովի ծովի երկինքներում ու խորքերում անհուն, գովերգեցի մտքում ես անուն առ անուն բոլոր հերոսներին ու սրբերին, բոլոր ողջերին ու մեռյալներին ես փորձեցի ձոնել փառքի տողեր, տաղեր։ Ապրողների համար ես փորձեցի ապրել մեռյալներին սիրել՝ հավատարիմ լինել։
Երազեցի հուզվել, երազեցի, հետո, երբ պարզեցի մի օր, որ կարող եմ սուզվել իմ հույզերի ծովում, որ կարող եմ ճախրել եթերներում՝ ուշ էր արդեն։ Բարդ է, բայց հուզեղեն ծովում ես ապեցի որպես թռչուն, եթերներում՝ որպես մի ձուկ։ Անձուկ իմ սրտի մեջ անշեջ փափագ, երազ, անբիծ մի իղձ՝ փորձել սիրել ու սիրելի լինել գերվել, բայց չլինել գերի, թեկուզ սիրո ու սրտերի․․․ Ներել ես փորձեցի ու փորձեցի սիրել, հավատարիմ լինել, իմ հույզերին։
․․․ երբ ուզեցի հուզվել՝ ես հուզեցի
31.05.2015